Գործարար, «Ավրորա» նախաձեռնության համահեղինակ Ռուբեն Վարդանյանը ATV հեռուստաընկերության «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ Մարկ Գրիգորյանին տված հարցազրույցում խոսել է «Ավրորա» մրցանակաբաշխությունից, Լեռնային Ղարաբաղում քառօրյա ռազմական գործողություններից, ներկայացրել զարգացող Հայաստանի տեսլականը։ NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնական մտքերը։
«Ավրորա» մրցանակաբաշխության մասին
Ես հուսով եմ, որ մեր ջանքերը կօգնեն երեւանցիներին ավելի լավ հասկանալ, որ «Ավրորա» մրցանակով մենք ուզում ենք աշխարհին ասել, որ մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, 100 տարի անց այնքան ենք ուժեղացել, որ պատրաստ ենք ինքներս օգնել աշխարհին։ Չնայած նրան, ինչ եղել է մեզ հետ, մենք պետք է ասենք, որ մենք կանք, մենք ուժեղ ենք եւ առաջ ենք նայում՝ հիշելով անցյալը։ Մենք հուսով ենք, որ նախագիծը հայաստանցիներին կօգնի աշխարհին ուրիշ կերպ նայել։ Այնպես է ստացվել, որ մենք վերջին տասնյակ տարիների ընթացքում ավելի շատ ուրիշ ազգերից ենք պահանջում ճանաչել Ցեղասպանությունը, այդ առումով այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն ինչ-որ բան ենք պահանջում ուրիշ ազգերից, այլ ինքներս ենք տալիս նրանց, ովքեր օգնել են ուրիշի կյանքը փրկել։
Մենք սովոր չենք, որ ինքներս կարող ենք մեր հարցերը լուծել, մենք սպասում ենք, որ աշխարհը մեզ օգնի։ Սովոր չենք հաղթողի եւ ուժեղի տեսակետից մտածել։ Ցավոք, մեր անկախությունը սկսվեց երկրաշարժից, բլոկադայից, եւ օգնությունը մեզ համար իհարկե կարեւոր էր։ Սակայն այդ օգնությունը ե՛ւ լավ, ե՛ւ վատ բան է։ Այդ օգնությունը մեզ չի սովորեցրել, որ մենք ինքներս կարող ենք ստեղծել։
Հայաստանի ապագայի մասին
21-րդ դարը մեր դարն է, հայ ազգի դարն է։ Առաջին անգամ քո հարստությունը որոշում է ոչ թե քո հողը կամ նավթը, այլ քո խելքը։ Մենք ունենք հնարավորություն օգտագործել ոչ միայն մեր երկրի հարստությունը, այլ ազգի հարստությունը։ Երբ հայն ապրում եւ աշխատում էր Հոնկոնգում, Սինգապուրում, մյուս ազգերը չէին ճանապարհորդում։ Նույն Վրաստանն օգտագործեց իր հնարավորությունը եւ հրավիրելով մասնագետներ՝ ահագին բան փոխեց երկրում։ Իսկ մենք քանի՞ տնօրեն ունենք, որոնք ամենալավ համալսարաններն ավարտած մարդիկ են, կամ մենք նման մարդիկ հրավիրել ե՞նք արտասահմանից մեզ մոտ աշխատելու։ Նրանք շատ քիչ են։ Ես վստահ եմ, որ եթե մենք դառնայինք եվրոպական միության անդամ, մեր բիզնեսմենների 90 տոկոսը, որոնք պետական աշխատանքի հետ կապ ունեն, չէին կարող մրցակցել։
Մի օրինակ բերեմ: Այսօր պետք է դեպի Թել Ավիվ թռիչք իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը: Այդ ընկերության 51 տոկոսի բաժնետերը ատամնաբույժ է։ Ատամնաբույժը չի կարող այնքան գումար հավաքել, որպեսզի ավիաընկերություն բացի, քանի որ ավիաընկերություն ստեղծելու համար առնվազն 8-10 մլն դոլարի ներդրում է պետք: Այդքանով հանդերձ այդ ընկերությունը 2 ամսվա մեջ ավիաուղիներ է բացում եւ ստանում բոլոր արտոնագրերը։ Բայց բոլորը հասկանում են, որ ինչ որ բան ճիշտ չէ, մարդիկ ասում են՝ այս ինչ լավ երկիր է Հայաստանը, որտեղ դա հնարավոր է։ Իրականում սա ավելի լուրջ հարց է, անվտանգության հարց է։ Պարզ է, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո կրկին սնանկ է ճանաչվելու այդ ընկերությունը:
Ղարաբաղում քառօրյա պատերազմի մասին
Այս պատերազմը մեզ հնարավորություն չի թողել սուտ ասել, կիսաճիշտ ասել։ Պատերազմը հնարավորություն է տվել պարզ խոսել ամեն ինչի մասին։ Էլ հնարավորություն չկա փափուկ ձեւով ասել։
Միավորվելուց բացի, մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Այս պատերազմը 3 բան ցույց տվեց։ Ամեն ազգի 2 բան է պահում՝ հպարտություն, որ դու այս ազգի ներկայացուցիչ ես, եւ վտանգը, որ դու զգում ես, երբ այն սպառնում է քո ազգին։ Պատերազմը ցույց տվեց մեր ուժը, որ մենք հպարտ ենք, որ այսպիսի տղաներ ունենք, որոնք պատրաստ են կյանքը զոհել Հայաստանի ապագայի համար։ Հպարտություն մեր հայ ազգի, հայ տղերքի համար։ Եվ ամենակարեւորը ցույց տվեց, որ մեր հարցը մենք ենք լուծելու, եւ այդ միասնության կարեւորությունը մենք հասկացել ենք։ Կամ մենք կմիավորվենք եւ ինչ-որ բաներ կփոխենք մեր ձեռքով, մեր ուժով, մեր խելքով կամ վտանգ է սպառնում։ Մենք այս շանսը պետք է օգտագործենք մինչեւ վերջ։




























