Երեւանի Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է ստեղծվել. ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը 5 րոպե ժամանակ տվեց ցուցարարներին, որպեսզի ազատեն պողոտան, սակայն դեռ այդ ժամանակը չլրացած սկսեց բերման ենթարկել ցուցարարներին:
Ոստիկաններն ուժ կիրառելով եւ ծեծի ենթարկելով բերման են ենթարկել ավելի քան 10 ցուցարարների: Նրանց թվում են Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, «Armenia today» վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, 1in.am-ի օպերատորներ Նարեկ Բարսեղյանը եւ Սեւակ Սողոմոնյանը, Հարություն Աղլամազյան, Վարդանուշ Բալայանը եւ այլն:
Ոստիկանների թիվը Բաղրամյան պողոտայում զգալիորեն ավելացել է:
Ցուցարարները վանկարկում են՝ «ամոթ, ամոթ»:
Երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում վերականգնվեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում ընթերցել է Նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:
Ցուցարարները դիմել են խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս են եկել Մաշտոցի պողոտա, եւ խումբ-խումբ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս որեւէ մեկը բարձրանա վերեւ:
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»




























