Պանամայում Mossack Fonseca իրավաբանական ընկերության գրասենյակում խուզարկությունների ժամանակ քննիչները գտել են բազմաթիվ ոչնչացված փաստաթղթերի մնացորդներ:
«Մենք գրասենյակում մեծ քանակությամբ ապացույցներ ենք գտել ու առգրավել»,- հայտնել է կազմակերպված հանցագործությունների գործերով քննիչ Խավյե Կարաբալլոն: Նա նշել է, որ առգրավված իրերից շատերը հատուկ գործիքով մանրացված փաստաթղթեր են:
Mossack Fonseca -ն տարածել էր հայտարարություն, որում պնդում էր, որ թղթե կրիչներով փաստաթղթերը ոչնչացվել են վերամշակման նպատակով: Իրավաբանական ընկերությունում շեշտել են, որ բոլոր տվյալները պահվում են էլեկտրոնային տեսքով ու քննիչներն արդեն ստացել են դրանց կրկնօրինակները իրենց նախորդ խուզարկությունների ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի կեսերին պանամական դատախազությունը այսպես կոչված «պանամական փաստաթղթերի» կապակցությամբ 27 ժամ տեւած խուզարկություն է իրականացրել բյուրոյի գրասենյակում՝ առգրավելով հսկայական քանակության փաստաթղթեր՝ դրանց հետագա ուսումնասիրության նպատակով :
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը տեղակայված է Վաշինգթոնում, ապրիլի 3-ին հրապարակել է հատվածներ 11.5 մլն փաստաթղթերից, որոնք պարունակում էին այդ թվում գործող ու նախկին համաշխարհային առաջնորդների օֆշորային հաշիվների մասին տեղեկություններ: Զեկույցները, որոնք անվանեցին «Պանամական փաստաթղթեր» կազմվել են Mossack Fonseca ընկերությունից տեղեկությունների արտահոսքի հիման վրա, այդ ընկերությունը իրավաբանական աջակցություն է ցուցաբերոմ օֆշորներում ընկերությունների գրանցման գործում:




























