Ընտրական օրենսգրքի նախագծում դիտորդական առաքելության հետ կապված մի վտանգավոր նորամուծություն կա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կոնգրես հյուրանոցում ՀԿ-ների հետ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը:
«Նշվում է, որ դիտորդների զեկույցները պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում եւ գնահատականները պիտի հիմնված լինեն անձնական դիտարկումների վրա: Չգիտեմ` ինչ վատ նախադեպ են ունեցել, որ նման իրավակարգավորում են մտցնել, բայց հաշվի չեն առել, որ դիտորդական առաքելությունը կարող է լինել երկարաժամկետ եւ կարճաժամկետ: Երկարաժամկետ առաքելության դեպքում դիտարկվում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը` արդյոք բարեխիղճ օգտագործվեց նախընտրական փուլի հիմնադրամը, արդյոք վարչական ռեսուրսը չչարաշահվեց: Ի վերջո դիտորդական առաքելությունը կարող է իրականացվել` հիմք ընդունելով լրատվամիջոցների հրապարակումները»,-ասել է Հերիքնազ Տիգրանյանը:
Նա նշել է` եթե այս դրույթը գործեր հանրաքվեի ժամանակ, ապա «Քաղաքացի դիտորդ» ՀԿ-ի հրապարակումները կարող էին հակաօրինական համարվել, քանի որ «Այո»-ի շտաբի վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ տեղեկությունները վերցրել է լրատվամիջոցներից:
«Թվում է, թե «անձնական դիտարկումներ» ձեւակերպումը շատ անմեղ է , բայց սրանով փորձում են սահմանափակել դիտորդների զեկույցների բովանդակությունը եւ տանել իրենց համար ցանկալի ուղիով»,-ասել է նա:



























