Ծագումով վարդենիսցի վաղամեռիկ պատգամավոր Մելիք Գասպարյանի ունեցվածքի առյուծի բաժինն այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տիրապետության տակ է, հայտնում են «ՉԻ» լավատեղյակ աղբյուրները:

«Հայտնի է, որ երբ պատգամավորը դժբախտ պատահարի զոհ դարձավ, կայծակնային արագությամբ սկսեցին լուրեր տարածվել, թե նա ահռելի քանակությամբ պարտքեր ունի: Եվ իսկապես, Գասպարյանի դին հողին հանձնելուց հետո նրա որդին` Ապրես Գասպարյանը` Ապերը, հոր մահը սգալու փոխարեն սկսեց տարաբնույթ ռազբորկաների մասնակցել, նույնիսկ ինչ-որ ժամանակ անհետացել էր քաղաքից»,-նկատում է թերթը՝ շարունակելով. «Գասպարյանը ՎՏԲ եւ եւս երկու բանկերում շուրջ 7 մլն դոլարի վարկ ունի, որը մարելու եւ «թեւ ու թիկունք» լինելու խոստման դիմաց է ԱԺ նախագահը տիրացել Գասպարյանի ունեցվածքին: Այսօր Ամիրյան փողոցի սկզբնամասում գտնվող էլիտար շենքերը, որը կառուցում էր Մելիք Գասպարյանը, տնօրինվում են ԱԺ նախագահի որդու` Արգամ Աբրահամյանի կողմից: Ըստ լուրերի` Հովիկ Աբրահամյանը շուտով կտիրանա նաեւ Գասպարյանին պատկանող 81 եւ 41 համարի երթուղային գծերին»:

Երբ թերթը փորձել է այս մասին մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանից, ԱԺ լրատվական ծառայության միջոցով նա փոխանցել է, թե ամբողջը սուտ է: «Բայց օրերս տեղեկացանք, որ Հ.Աբրահամյանի որդին վերջերս լուրջ բախում է ունեցել բարձրաստիճան իրավապահներից մեկի հետ, որի անունն առայժմ չենք հրապարակում: Պարզվում է՝ այդ պաշտոնյան պայմանագիր ունի եւ պետք է բնակարան ստանա Ամիրյանի նորակառույցից: Եւ երբ նրա վարորդը գնացել է էլիտար շենք, Հովիկ Աբրահամյանի որդու «նազիր-վեզիրները» ասել են, թե «ստեղ Արգամն ա տիրություն անում, էս մեր տարածքն ա, ոչ մեկ ստեղ տուն չունի»: Շատ չանցած այդ տարածքում տպավորիչ բախում է գրանցվել, որը, սակայն, ավարտվել է առանց լուրջ կորուստների»: Թերթի տեղեկություններով, իրավապահ մարմնի այդ պաշտոնյան Ապրես Գասպարյանին է փնտրում՝ իր բնակարանի ակնկալիքով: