Ամեն ինչ ավարտված չի  կարելի համարել, իշխանության վրա ազդելու լծակներ դեռեւս կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով իշխանության այն հայտարարությանը, որ իրենք  ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ չեն լծվի ուռճացված ընտրացուցակների մաքրման աշխատանքին:

«Կարծում եմ` իշխանությունը դեռ տեղ ունի այս խնդիրը լուծելու: Դեռ ամեն ինչ կորած չէ, կարծում եմ` իշխանության վրա ազդելու լծակներ կան, մենք դեռ կփորձենք մեր քաղաքական ու քաղաքացիական ուժերը համախմբել: Վերջին հաշվով  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված պահանջների ներքո ստորագրել է 13 ուժ, այդ թվում` 8 քաղաքական ուժ»:

Նշենք, որ ուռճացված ընտրացուցակները համատեղ հանձնաժողովով մաքրելու ՀԱԿ-ի առաջարկին իշխանությունը համաձայն է պայմանով, որ ինքը չմասնակցի,  այդ գործը հանձն առնի միայն ընդդիմությունը՝ քաղաքացիական հասարակության հետ համատեղ: Սա նշանակում է, որ իշխանությունը կարող է հրաժարվել անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվել, ինչն էլ  նվազեցնելու է  ցուցակները մաքրելու արդյունավետությունը: Այսինքն` եթե ընտրացուցակները չեն մաքրվում ամբողջությամբ, այլ որոշակի քանակով, դա հարցի լուծում չի լինելու: Արամ Մանուկյանը առաջարկել է վրաստանյան փորձը, որն իրականացվել է իշխանության, քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության համատեղ հանձնաժողովով,  որն այդ երկրում քաղաքացիների վստահությունը ընտրությունների նկատմամբ բարձրացրել է գրեթե ամբողջությամբ:

«Վրացական փորձով իշխանությունն իր ունեցած տեղեկություններով է մասնակցել այս գործընթացին:  Ցուցակ մաքրելը նշանակում է, որ իշխանությունն իր ձեռքի տակ ունեցած տեղեկությունները պետք է տրամադրի այդ գործին, որ հասարակության վստահությունը բարձրանա»: 

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ընդդիմությունն ի զորու է  որոշակի քանակով մաքրել, ինչպես Վրաստանում, բայց այստեղ  հարցը վերաբերում է խնդրի ամբողջական լուծմանը, որն առանց իշխանության  մասնակցության հնարավոր չէ:

«Վրաստանում ընդդիմությունը մաքրել էր`որքան հնարավոր էր, մոտավորապես 350 հազար ճշգրտում արվել է, բայց  անձնագրային վարչությունը տվել է 460 հազար մարդու վերաբերյալ տեղեկություն, որ իրենք այս թվականից հետո գտնվում են Վրաստանից դուրս: Այս տեղեկությունների համադրության արդյունքում են մաքրրվել ցուցակները, եւ քաղաքացիների վստահությունը 5 տոկոսից բարձրացել է մինչեւ 95-ի: Էնտեղ էլ խութեր մնացել են, բայց խնդիրը լուծվել է: Օրինակ, Հայաստանից  ենթադրենք բացակայում է 1 միլիոն մարդ, դու կարող ես 2 հարյուր հազարը ճշտել, բայց 8 հարյուր հազարով իշխանությունը կարող է կեղծիքն իրականացնել: Դրա համար այստեղ կարեւոր է համատեղ աշխատանքը»,-ասաց Մանուկյանը` ընդգծելով, որ առանց իշխանության մասնակցության անիմաստ է դառնում Ընտրացուցակների մաքրումը:

Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,  որ ինքը ցուցակները մաքրելուն դեմ չէ, դեմ է իշխանության մասնակցությանը. «Մենք ասում ենք դուք եք մտահոգ, ուզում եք վերահսկել լրացուցիչ, տվեք այն մարդկանց ցուցակը, որ  պետք է լրացուցիչ վերահսկել եւ մենք կապահովենք, կերաշխավորենք, բայց մեզ մի ներքաշեք մի գործընթացի մեջ, որը մենք համարում ենք անիմաստ ժամանակի վատնում: Մենք լիազորում ենք ընդդիմությանը իշխանության անունից գործել այդ հարցում, պատրաստել ցուցակ եւ ներկայացնել այն»: Իսկ տեղեկատվության աջակցության առումով պնդել էր, թե մարդու անձնական տվյալները տրամադրելը Սահմանադրության խախտում է: «Եթե որեւէ մեկը իր ընկերոջ հետ գնում է ինչ-որ երկիր, ու այդ տվյալը պահվում է սահմանում, ապա դա անձնական տվյալ է, եւ եթե չկա քրեական գործ, որեւէ մեկը այդ տվյալները փոխանցելու իրավունք չունի»: