ՀԱԿ-ի կարկառուն դեմքերից մեկը՝ տակավին երկու տարի առաջ արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, օրերս «ցինիկ կանխատեսում» էր համարել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի դիտարկումը, թե ՀՀԿ-ի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն կունենա խորհրդարանում:
Արձագանքելով ՀԱԿ-ի արտաքին կապերի համակարգողի մեկնաբանություններին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը «Հայոց աշխարհի» հետ զրույցում մասնավորապես նկատել է. «Զարմանալին այն է, որ «կոնգրես»-ական տնտեսագետ-գերաստղերի համաբույլում չէր գտնվել մեկը, որը ներկայացներ ՀԱԿ-ի համեմատական «տնտեսական վերլուծության» արդյունքները, եւ սույն պատիվը վերապահվել էր այդ անմեղսունակին: Սա բերել էր վիճակագրական տվյալներ, որոնք իբր վկայում են Հայաստանի ծանր տնտեսական իրավիճակի մասին: Ընդ որում, Հայաստանի այսօրվա իրավիճակը համեմատել էր ոչ թե ՀՀՇ-ի կառավարման պանծալի տարիների, այլ ...Ադրբեջանի հետ, ասելով, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում միջին աշխատավարձը 109 հազար դրամ է կամ 287 դոլար, Ադրբեջանում՝ 396 դոլար: Սա ասվել է այն համատեքստում, թե՝ ինչպե՞ս կարող է Հանրապետականը ապագա խորհրդարանում մեծամասնություն ստանալ, երբ հանրապետականների օրոք երկրի տնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում, եւ «ժողովուրդն է°լ ավելի է աղքատացել»: Չհասկացանք՝ մեր մրցակիցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջա՞նն» է լինելու: Գուցե ՀԱԿ-ի ակտիվիստը գտնում է, որ Ղարաբաղի հարցի «շուտափույթ լուծումն» այլընտրանք չունի, այսինքն՝ հարցը ուր որ է կլուծվի, Արցախը կտանք Ադրբեջանին, դրանից հետո Հայաստանի հերթը կհասնի, եւ ՀՀԿ-ն ստիպված կլինի իր ուժերը չափել «Ենի Ադրբեջանի՞» հետ»:





























