Այն, որ Հայաստանում չկա միասնական ընդդիմություն, կամ ընդդիմության մեջ չկա միասնություն, կարող է օգնել իշխանությանը մնալ իր տեղում: Այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ ՀՅԴ-ի համար իշխանությունը նպատակ չէ, այլ ընդամենը մեթոդ` իր ծրագրերը լուծելու համար:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը, նա նշեց. «Կոնգրեսը, բառապաշարը փոխել է: Հասկացել են, որ միայն Սերժ Սարգսյանի փոփոխությունը բավարար չէ, պետք է ամբողջական իշխանափոխություն իրականացնել»: Վ. Հովհաննիսյանը կրկնեց ՀՅԴ-ի տեսակետը, ըստ որի, իշխանության եւ Կոնգրեսի միջեւ առանձնապես գաղափարական տարբերություն չկա: «Այս տեսակի պայքարի մեջ պետք է բացել ժողովրդի աչքերը, որ իմանան, թե ով ով է»,- ասաց նա: