Աշխարհի տարբեր բանակներում ծեծ, սպանություններ ու ինքնասպանություններ լինում են, բայց Հայաստանում դրանք այնքան համընկան, որ բավարար չէ, որ ՊՆ-ն առանձին-առանձին դեպքերով բավարարվի: Այսօր` սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող մահացու ելքով եւ զինվորներին ստորացնելու դեպքերին:

«Արդյոք մեր սպաների կրթական, բարոյական մակարդակը բավարարում է այն խնդիրների լուծմանը, որ դրված է նրանց առջեւ: Եթե կան զորամասեր, որտեղ կարգուկանոն չկա, նրանցից մարտունակություն սպասել չարժե»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանն ու հավելեց. «Նման զորամասը լուրջ բուժման կարիք ունի, նույնիսկ վիրահատման միջոցով»:

Սակայն, ՀՅԴ խմբակցության անդամը նշեց նաեւ, որ անթույլատրելի է դրանից երեւույթ սարքել, որով բանակը դառնում է քաղաքական հարձակումների թիրախ:  «Դա անթույլատրելի է Ճիշտ նույնքան, որքան անթույլատրելի է բանակը դարձնել քաղաքական գործընթացների մասնակից»,- իր խոսքն ամփոփեց նա: