Պատահականություններից խուսափելու համար խորհրդարանում անհրաժեշտ է այս ուժի կամ բլոկի կայուն մեծամասնություն ապահովել։ Այս մասին ապրիլի 25-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով հաղթող ուժին առաջարկում են տալ մանդատների առնվազն 54 տոկոսը։ Հակառակ դեպքում, եթե կուսակցության 2-3 պատգամավոր հիվանդանան կամ գործուղման մեկնեն, ապա քվեարկության ելքը այդ օրերին խորհրդարանում կարող է 180 աստիճանով փոխվել։ Իսկ դա հակասում է առողջ բանականությանը։ «ԵԽԽՎ-ում աշխատելիս ես հաճախ տեսել եմ, թե ինչպես են պատվիրակներն ընդհատում գործուղումը, որպեսզի վերադառնան տուն եւ քվեարկեն անհրաժեշտ օրինագիծը «փրկելու» համար։ Մենք ավելի հեշտ տարբերակ ենք առաջարկում։ Որպեսզի պատահականությունները չազդեն քաղաքական գործընթացի վրա, անհրաժեշտ է կայուն մեծամասնություն ոչ թե 50 տոկոս + 1 մանդատ, այլ 54 տոկոս։ Մյուս կողմից, եթե տեսականորեն ինչ-որ ուժ հավաքի ձայների ավելի քան 2/3-ը, ընդդիմությունը ավտոմատ կերպով կստանա հավելյալ մանդատները։ Մենք չենք ուզում ընդդիմությանը զրկել այդ իրավունքից։ Իսկ մեզ մոտ պահպանվում է արատավոր երեւույթը՝ հաղթողին ամեն բան, պարտվողին՝ ոչինչ։ Սակայն խորհրդարանական համակարգը հենց դրանով էլ տարբերվում է նախագահականից, որ փոքրամասնության համար որոշ իրավունքներ են երաշխավորվում»,- ընդգծել է Հարությունյանը։