Քաղաքական ուժերը իրենք են շահագրգռված լինելու իրենց թեկնածուների ցուցակներում ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, իհարկե, հնարավոր է մոդել, որտեղ համայնքներն իրենք են առաջադրում իրենց թեկնածուներին, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն սկսում են վիճել գերազանցության հասնելու համար: Հետեւաբար թող այդ հարցը լուծեն կուսակցությունները:
Հարցին, թե ինչ կլինի, եթե ոչ մի կուսակցություն չհամաձայնի իր ցուցակում ներառել ոչ հայերի, իշխանության ներկայացուցիչը չկայացած համարեց: «Դա նույնն է, որ հարցնեք՝ իսկ ի՞նչ կլինի, եթ որեւէ կուսակցություն չուզենա առաջադրվել խորհրդարանական ընտրություններին»:
Հակառակը, կուսակցությունները կցանկանան իրենց ցուցակներում ներառել այդպիսի թեկնածուների, որպեսզի լրացուցիչ մանդատների հավակնեն: Մեր խնդիրն է, որ թվաքանակով ամենամեծ առաջին 4 ազգային փոքրամասնությունները երաշխավորված ներկայություն ստանան: Այսպիսով, այդ խնդիրը մենք կատարված ենք համարում»,-հավելել է Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագծով համամասնական ցուցակները կբաժանվեն երկու մասին: Առաջինը սովորական ցուցակն է, իսկ երկրորդ ցուցակում յուրաքանչյուր կուսակցություն պետք է ներառի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին (յուրաքանչյում ազգային փոքրամասնությունից 2-4 ներկայացուցչի): Ընդ որում նույն թեկնածուները կարող են ներառվել նաեւ առաջին ցուցակում: Ընտրությունների արդյունքում, 4 մանդատ այդ թեկնածուների միջեւ բաժանվում է ըստ գործակցի:




























