ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում նկատվում են «դրական ազդանշաններ», և դրանք պետք է հենվեն առավել գործնական համագործակցության ու փոխադարձ վստահության վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը օգոստոսի 27-ին Թուրքիա կատարած իր աշխատանքային այցի ժամանակ,- հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը։

«Կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև առավել ամուր հարաբերությունների հաստատման համար։ Մենք գիտենք, որ դա հեշտ խնդիր չէ, սակայն ներկայումս որոշ դրական ազդակներ են նկատվում։ Այդ ամենը կծառայի փոխըմբռնման ձեռքբերմանը ու օգուտ կբերի Ռուսաստանին»,- հայտարարել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցության վերաբերյալ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ հանրապետությունը կարևոր դեր է կատարում ալյանսի համար, քանզի «կամուրջ է հանդիսանում Եվրոպայի, արաբական աշխարհի ու Կենտրոնական Ասիայի միջև»։

«ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից մեկը Աֆղանստանում իրականացված գործողությունն է։ Այն կոչված է ապահովելու երկրի անվտանգությունը, որպեսզի տեղի իշխանությունները կարողանան իրենց վրա վերցնել ղեկավարությունն ու առաջ շարժվել։ Թուրքիան այստեղ էլ է քաղաքական ու ռազմական կարևոր դեր կատարում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Թուրքիա կատարած իր այցը Անդերս Ֆոգ Ռասմուսենը հորդորել է ընկալել որպես այցելություն մի երկիր՝ «ի նշան իսլամի՝ որպես համաշխարհային խոշորագույն կրոններից մեկի, նկատմամբ խորը հարգանքի»։