Հայաստանի ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի` ԵՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով եւ 30 օրվա ընթացքում այն կքննարկվի եւ համապատասխան եզրակացության հետ միասին կներկայացվի հաջորդ լիագումար նիստին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատուր Քոքոբելյանը: Անդրադառնալով նախագծի վերաբերյալ այլ խմբակցությունների ու պատգամավորներիի ոչ դրական կարծիքին, նա ասել է. «Շատ արագ փոփոխվող աշխարհի հետ գործ ունենք: Ցավոք, ոչ ցանկալի գործընթացներ տեղի ունեցան կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չորսօրյա պատերազմի հետ, ՀՀ սահմանների խոցելիության հետ եւ Ռուսաստանի Դաշնությունից որպես ռազմավարական գործընկերոջ պահվածքի հետ: Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ անդամ, այն ակնկալիքները, որ ունեինք, չիրականացան, մինչդեռ մենք պարտավոր ենք պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտավորությունները, ոչ թե բողոքել, այլ պահանջել»,- ասել է պատգամավորը` հիշեցնելով, որ մինչդեռ Ադրբեջանը, որը ԵՏՄ անդամ չէր, կարողացավ Նազարբաեւի միջոցով կասեցնել Երեւանում ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը:
«Այս բոլորը հաշվի առնելով` սպասելիք չունենալ ներկայացրած նախագծից, առնվազն լուրջ չեմ համարում»,-ասաց Քոքոբելյանը:



























