Լոզանի Միջազգային սպորտային արբիտրաժը երեկ՝ սեպտեմբերի 27-ին չի բավարարել ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Անատոլի Կարպովի եւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի ու ԱՄՆ-ի շախմատային ֆեդերացիաների հայցը: Նրանք վիճարկում էին ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում Կիրսան Իլյումժինովի առաջադրման օրինականությունը:
Կարպովի թիմում «Կոմերսանտին» հայտնել են, որ Լոզանի արբիտրաժը որոշել է գործը փոխանցել Ռուսաստանի դատարանին, միաժամանակ Կարպովի կողմնակիցները նշել են, որ գործի էությունը դրանից չի փոխվում:
«Կոմերսանտի» աղբյուրներին հայտնի է դարձել Լոզանում «Կարպովն ընդդեմ Իլյումժինովի» հայցով լսումների մանրամասները: Կարպովը վիճարկում էր Իլյումժինովի առաջադրման օրինականությունը` Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից: Եթե դատարանը բավարարեր Կարպովի հայցը, ապա Իլյումժինովը պետք է հաներ իր թեկնածությունը, թեեւ Իլյումժինովը նախապես հայտարարել էր, որ Լոզանի դատարանի վճիռը ոչ մի հետեւանք չի ունենա: Բայց ՖԻԴԵ-ի կանոնադրությամբ, այս կազմակերպությունը ենթարկվում է Լոզանի արբիտրաժի որոշումներին: Սակայն գործը դրան չհասավ: Լոզանի նիստերին Կարպովի վկաներն են եղել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը եւ հայտնի անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթը, որը եւս միշտ քննադատել է Իլյումժինովի գործունեությունը: Կարպովին ներկայացրել է նաեւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Բախը, որն իր պաշտոնը լքեց Իլյումժինովի առաջադրման հետ կապված սկանդալից հետո: Իլյումժինովի կողմից Լոզանում են եղել ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Դեւիդ Ջարեթը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կառավարման նախագահի պաշտոնակատար Իլյա Լեւիտովը:
Դատարանը հետաքրքրվել է ոչ միայն առաջիկա ընտրությունների հետ անմիջական կապ ունեցող հանգամանքներով, այլեւ ՖԻԴԵ-ում, իբր, ծաղկող կոռուպցիայով եւ պահանջել է դրա ապացույցներ: Նախորդ ընտրություններում Կիրսան Իլյումժինովին պարտված Բեսսել Կոկն ի պատասխան նշել է, թե ինչ ապացույց է պետք, եթե հենց կոնգրեսի ընթացքում մասնակիցներին դահլիճում նվերներ են բաժանում: Երկրորդ նիստից հետո Կարպովի կողմնակիցներն իրենց դիրքերը շատ ամուր էին համարում, սակայն երեկ դատարանը չի բավարարել Կարպովի հայցը:


























