Կուսակցությունների քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ դյուրին կլինի տարբերել: Այս մասին ապրիլի 25-ին Հայաստանի խորհրդարանում նոր Ընտրական օրենսգրքի լրամշակված նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո որոշվել է քվեաթերթիկները թողնել սեւ-սպիտակ, բայց յուրաքանչյուրի վրա տարբեր բարձրության սեւ կողային հատվածներ կլինեն (կուսակցության համարով):
«Ժամանակակից նոթատետրերի նման մի բան կլինի՝ ամիսների համար կողային հատվածով: Նույնը կլինի նաեւ քվեաթերթիկների դեպքում, այդ պատճառով դյուրին կլինի դրանք գտնելը, իսկ քվեաթերթիկների սեփական խրձին ավելացնելը՝ դժվար»,- պարզաբանեց նախարարը:
Առաջին անգամ ընտրողին ոչ թե մեկ քվեաթերթիկ կտրվի, այլ մի քանիսը, որոնցից նա կընտրի այն կուսակցության քվեաթերթիկը, որի օգտին ցանկանում է քվեարկել: Հնարավոր կլինի քվեարկել կա՛մ կուսակցության, կա՛մ կուսակցության եւ տարածքային ընտրացուցակներից թեկնածուի օգտին:
«Այդ քվեաթերթիկներից հրաժարվել հնարավոր չի լինի: Իսկ քվեախցում հարկավոր կլինի ընտրել մեկն ու դնել ծրարի մեջ»,- պարզաբանեց Հարությունյանը:



























