Ամերիկացի ծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը, ով հոկտեմբերի 16-ին մենամարտելու է Վիտալի Կլիչկոյի հետ, խոստացել է նոկաուտի ենթարկել ուկրաինացուն` հանուն բոլոր այն մարդկանց, ովքեր հիվանդ են ասթմայով: Բրիգսին, ով նույնպես ասթմա ունի, վիրավորել են Կլիչկոյի խոսքերը: Ուկրաինացին հայտարարել էր, որ ասթման այնքան էլ լուրջ հիվանդություն չէ, հաղորդում է fightnews.com-ը:

Հարցազրույցներից մեկում Կլիչկոն ասել էր, որ Բրիգսի հիվանդությունը մահացու չէ եւ նա այն ներկայացնում է որպես վերջին ռաունդներում թույլ հանդես գալու արդարացում:

Բրիգսը հիշեցրել է, որ ամբողջ աշխարհում 300 միլիոն մարդ ասթմա ունի: Ամերիկացին նշել է, որ ինքը հաճախ է հանդիպում հիվանդների հետ եւ փորձում համոզել նրանց, որ չնայած հիվանդությանը` նրանք կարող են կյանքում ամեն ինչի հասնել:

Կլիչկո – Բրիգս մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին` Համբուրգում: Ուկրաինացին կպաշտպանի WBC (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ) վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: