Միթե անպայման պետք է ազգությամբ հայ լինել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը դատարանում պաշտպանելու համար: Այս մասին BBC-ին ասել է մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Քլունին՝ որը ՄԻԵԴ-ում պաշտպանում է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի շահերը:
«Խադիջա Իսմայլովան խիզախ, ոգեշնչող կին է։ Նա շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել լրագրող Ադրբեջանում»,-ասել է նա ու հավելել. «Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կառավարությունը Խադիջա Իսմայլովային բանտ է նետել, եւ դա ինձ շատ է բարկացնում»:
Հարցին, թե ինչու են Ալիեւին ողջունում Վաշինգթոնում ընդունելիս, Ամալ Քլունին պատասխանել է, որ դիվանագիտական ճնշումը կարող է աշխատել եւ հիշեցրել է Ադրբեջանում մարտին ազատված 147 լրագրողների մասին։
«Լավ է, որ դիվանագիտական ճնշումը որոշակի արդյունքների է հանգեցնում: Դուք գիտեք՝ ինչ տեղի ունեցավ վերջերս: 146 դատապարտյալներ ազատ արձակվեցին, որոնցից միայն մեկ տասնյակն էր քաղաքական բանտարկյալ: Դա տեղի ունեցավ մարտի 18-ին, և երկու շաբաթ չանցած՝ մենք արդեն տեսանք, թե ինչպես է նախագահ Ալիևը սեղմում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ձեռքը: Ես ուրախ եմ, որ այդ մարդիկ ազատ արձակվեցին բանտից, ես համարում եմ, որ դա դրական քայլ էր: Իսկ Խադիջա Իսմայիլովան այսօր Ադրբեջանում մնացած թերևս ամենահայտնի քաղաքական բանտարկյալն է»,-ասել է նա:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա սեպտեմբերին արդեն Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանը նրան դատապարտեց 7․5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով մեկ այլ լրագրողի` Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ:





























