Եթե քվեարկության ընթացքում ոչ թե մեկ քվեաթերթիկ լինի, այլ ամեն կուսակցության համար մեկական, կարող են «մոռանալ» ընտրողներին անհրաժեշտ քվեաթերթիկները տալ: Այդ մասին խորհրդարանում, այսօր՝ ապրիլի 26-ին, հայտնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Ընտրական օրենսգրքի վերամշակված նոր նախագծի քննարկմանը: «Այդ դեպքում ընտրողին կմեկնեն բյուլետենների տրցակ, բայց նա հո տեղում չի ստուգի դրանք: Կգնա խցիկ, իսկ այնտեղ կպարզվի, որ իրեն անհրաժեշտ բյուլետենը չկա, «մոռացել են» տալ: Այդ դեպքում ինչպե՞ս վարվի», - հարց է տվել Փաշինյանը:
Ի պատասխան, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ եթե ամեն մարդու համար միանգամից մի քանի բյուլետեն լինի, դրանք կդադարեն հատուկ հաշվառման փաստաթուղթ լինել եւ պակասի դեպքում ընտրողը միշտ կարող է լրացուցիչ բյուլետեններ պահանջել:
Հիշեցնենք, որ ԸՕ-ի նախագծի համաձայն, Հայաստանում առաջին անգամ քվեարկողներին կտրվի ոչ թե մեկ բյուլետեն, ինչպես նախկինում, այլ` տրցակ, որից նա կընտրի այն կուսակցությունը, որի օգտին ուզում է քվեարկել: Վերեւի մասում նշված կլինի համամասնական ընտրացուցակի առաջին եռյակի անունները, ներքեւում` տվյալ տարածքային օկրուգի համար ցուցակը: Կարելի է քվեարկել միայն կուսակցության օգտին կամ էլ կուսակցության եւ տարածքային ցուցակից մեկ թեկնածուի:





























