Հայաստանից բացակայող անձինք ընտրացուցակներում կներառվեն ընդհանուր հիմունքներով։ Այս մասին ապրիլի 26-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Հրանտ Բագրատյանը դրան հակադարձեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին թույլատրում են միայն տեղի գրանցումով մարդկանց։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու այդ դեպքում մշտական հաշվառման փաստը հաշվի չեն առնում համապետական ընտրություններում, եւ վերջին մեկ տարում ավելի քան 6 ամիս երկրից բացակայող անձինք չեն ընդգրկվում առանձին ցուցակներում եւ չեն քվեարկում միայն դիմումների հիման վրա։ «Միեւնույնն է, բնակչության ռեգիստրը գիտի, թե ով եւ երբ է երկրից դուրս եկել, եւ կարող է ճանաչել այդ մարդկանց»,- հավելեց Բագրատյանը։

Դրան ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ ռեգիստրը նման ցուցակ չի վարում։ Հակառակ դեպքում Հայաստանը ոստիկանական պետություն կլիներ։ «Հանրապետական ընտրություններում հաշվառումն էական չէ, ի տարբերություն տեղական ընտրությունների, այդ պատճառով նման պահանջը նպատակահարմար չէ»,- հավելեց Հարությունյանը։