Տեղական տարածքային ցուցակների համար նույնիսկ ավելի շատ մանդատ է անհրաժեշտ: Այդ մասին ապրիլի 26-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը` նոր Ընտրական օրենսգրքի վերամշակված նախագծի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի այն հարցին, թե չի կարելի արդյոք փոփոխել ներկայիս 50/50 հարաբերակցությունը (պատգամավորության թեկնածուների համահանրապետական եւ տարածքային ցուցակների):

«Անձամբ ես կողմնակից եմ, որ տարածքային ցուցակները հնարավորինս լայնորեն ներկայացված լինեն: Դա համամասնական ժողովրդավարության դասական մոդելն է: Եվ դրա օգտին 70/30  համամասնությունը ես ճիշտ եմ համարում: Բայց մենք որոշեցինք փոխզիջման գնալ քաղաքական այլ ուժերի հետ, որոնցից մի քանիսը հանդես են եկել  100 տոկոսանոց համահանրապետական ցուցակների օգտին», - ասել է Հարությունյանը: Նրա խոսքով, տեղերում մրցակցությունը բարձրացնելու համար կուսակցությունները պարտավոր կլինեն տարածքային օկրուգներում   5-ից 15 թեկնածու ներկայացնել: Այդ դեպքում մրցակցությունը, հատկապես կուսակցության ներսում, ավելի սուր կլինի, քան այժմ, երբ մեկմանդատային օկրուգներում թեկնածուների թիվը շատ սահմանափակ է (հազվադեպ է լինում, երբ մեկ կուսակցությունից նույնիսկ երկու մարդ է առաջադրվում եւ ծայրաստիճան հազվադեպ, երբ բոլոր առաջադրված կուսակցություններից մեկական թեկնածու լինի. խմբ.):