Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միասին դիմեն միջազգային դոնորներին ու ընտրատեղամասերի համար ժամանակակից տեխնիկա խնդրեն: Այս մասին ապրիլի 27-ին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով առաջին հերթին անհրաժեշտ են տեսախցիկներ ընտրատեղամասերում մշտական նկարահանումների համար, նաեւ ժամանակակից համակարգեր ու ծրագրային ապահովում՝ մատնահետքերի նույնականացման համար: Ճշգրիտ գրանցումը լրջորեն կլուծի բազմակի քվեարկության ու այլ ընտրակեղծիքների հարցը: «Ու եթե խորհրդարանական ուժերը ուզում են լուծել այս հարցը, այլ ոչ թե գործունեության իմիտացիա անել սոցցաներում, նրանք պետք է միասին դիմեն դոնորներին: Այդուհանդերձ, նույնիսկ այս քայլերը հաջողություն չեն ապահովի, եթե բոլոր քաղաքական ուժերը հստակ չգիտակցեն, որ ընտրությունները պետք է ազնիվ լինեն: Եթե բոլորը հասկանան դա, ապա այս կամ այն կողմի օգտին մեկ- երկու դրույթը եղանակ չեն փոխի: Ի վերջո, մենք հսկայական ընտրակեղծիքներ ենք ունեցել այն ընտական օրենսգրքերի գործողության ժամանակ, որոնց վրա այդքան երկար աշխատել ենք, ու միակ արդար ընտրություններն էլ 90-ականների սկզբին էին, երբ ընտրական օրենսգիրք առհասարակ չկար: Ամենակարեւորը՝ պետք է նման կամք դրսեւորենք: Հակառակ դեպքում Հայաստանի ապագայի վրա կարելի է վերջնականապես խաչ դնել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:





























