Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը նոր նախաձեռնություն է սկսել «կարմիրբերետավորների» դեմ` Facebook սոցիալական ցանցում:
ՀԱԿ երիտթեւի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «Ոստիկանապետության գործիքներից մեկը, այսպես կոչված, «կարմիր բերետավորների» խմբերը, ընդդիմության խնդիրներից ազատ ժամանակ, իրենց տեր ու տնօրեն են զգում Երեւանի փողոցներում։ Նրանք իրենց «իշխանությունն» ու ուժը հատկապես սիրում են ցուցադրել ուսանող երիտասարդության նկատմամբ, այն էլ քիչ թե շատ աչքից հեռու տեղերում։
Մենք հայտարարում ենք, որ ոչ միայն ընդդիմության ակցիաների ժամանակ, այլ ցանկացած պահի ու ցանկացած վայրում միջամտելու ենք նման դեպքերում։ Կոչ ենք անում երիտասարդներին համախմբվել հանուն իրենց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ բոլոր քաղաքացիներին՝ ոստիկանական այս խմբերի ապօրինի գործողությունների լկտի պահվածքի մասին տեղյակ պահել Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակ»։





























