Նոր Ընտրական օրենսգիրքը պրակտիկորեն կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, իշխանությունը առաջարկում եւ առաջարկել է փոխզիջումային տարբերակներ:
Դիմելով ընդդիմությանը Շարմազանովն ասաց. «Մենք պատրաստ ենք ձեզ լսել, բայց դուք էլ պետք է մեզ լսեք, չի եղել մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոխզիջումային տարբերակներ չառաջարկի»:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ներկայացվածը համամասնական տարբերակ է: «Նայում եմ ձեր աչքերին եւ ասում եմ՝ սա համամասնական տարբերակ է»,-ասաց նա ու հավելեց. «Այն, ինչ մենք առաջարկում ենք, աշխարհի շուրջ քսան երկրում կիրառվում է՝ Մերձբալթյան, Կենտրոնական Եվրոպայի երկրներում»:
Ինչ վերաբերում է բաց համամասնական ցուցակներում կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկմանը, Շարմազանովն ընդգծեց. «Եթե քաղաքական ուժը չունի ամեն ընտրատարածքում 5-10-15 թեկնածու, որ առաջադրի, քանի՞ կոպեկ արժե այդ ուժը: Քաղաքական ուժերդ ձգտում եք իշխանափոխության: Բա առանցվ քաղաքական թիմի ձգտում են իշխանափոխությա՞ն: Քաղաքականությունը լուրջ թիմային աշխատանք է պահանջում: Քանի՞ ընդդիմադիր կուսակցություն գիտեք, որ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին»:
Ըստ նրա՝ կայուն մեծամասնությունը խիստ անհրաժեշտություն է: «Եթե մենք ուզում ենք մեր երկրում խնդիր լուծել, պետք է ունենանք կայունություն, կայուն իշխանություն»,- ասաց նա՝ հավելելով, որ կայուն մեծամասնությունն անհրաժեշտություն է:





























