Նոր Ընտրական օրենսգիրքը կխանգարի բողոքարկել տեղամասերում ընտրությունների արդյունքները։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ եթե որոշ ուժեր պահանջեն ստուգել ընտրատեղամասերը, ապա որոշումները, թե որտեղ են ստուգելու, իսկ որտեղ ոչ, կայացնելու է տարածքային ընտրական հանձնաժողովը։ Իսկ այն թույլ կտա ստուգել միայն այն տեղամասերը, որտեղ ամեն բան կարգին է, իսկ «մութ» տեղամասերը մի կողմ կթողնի։ «Այդ հարցին ես դեռ կանդրադառնամ հետագայում։ Իսկ հիմա ուզում եմ ասել, որ արդյունքների բողոքարկման կարգը ճշգրտումների կարիք ունի։ Պետք է փոփոխվի նաեւ նախնական արդյունքները հրապարակելու ժամկետը։ Հիմա դա արվում է 24 ժամում, ես կարծում եմ, որ դա պետք է կրճատել մինչեւ 10 ժամ։ Այդ ժամկետներում բոլորը տեղավորվում են։ Թե չէ թվեր են հրապարակում, իսկ հետո տարածքային հանձնաժողովներում այդ թվերը վերամշակվում են»,- ասել է Բիշարյանը։





























