Եգիպտոսի Գերագույն դատարանը փոխել է լիբանանցի երգչուհի Սյուզան Թամիմի սպանության մեջ կասկածվող միլիոնատեր Հաշիմ Թալաաթ Մուստաֆայի հանդեպ մահապատժի վճիռը՝ որոշելով 15 տարվա ազատազրկման դատապարտել նրան։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս գործընթացի երկրորդ դեմքը ցմահ բանտարկություն է ստացել։ Մեղավորների նստարանին են հայտնվել նախկին պատգամավոր Թալաաթ Մուստաֆան, ինչպես նաեւ սպանությունը կատարած պետանվտանգության նախկին սպա Մոհսեն աս-Սուքարիին։

Նախաքննության տվյալներով, Թալաաթ Մուստաֆան Թամիմին սպանելու համար աս-Սուքարիին 2 մլն դոլար է խոստացել։ Սպանության պատճառ կարող էր դառնալ երգչուհու հանդեպ ունեցած նրա խանդը։

Թալաաթ Մուսաֆան Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկն է, խոշոր շինարարական ընկերության ղեկավար։ Նրա մահապատժի մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել Եգիպտոսում եւ ողջ արաբական աշխարհում։ Պրոդյուսերներն անգամ որոշել են ֆիլմ նկարահանել լիբանանցի երգչուհու սպանության մասին։