Սուտը մնում է սուտ, եթե դուք ձեր ելույթներում սուտը հիմնավորում եք, դա չի նշանակում, որ սուտը դադարում է սուտ լինելուց, հիմնավորված սուտը նույնպես սուտ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հարգելի բարեկամներ, ընտրացուցակներում ունենք 2,5 մլն ընտրող եւ 2,5 մլն բնակչություն: Վերջին հինգ տարում 22 հազար մարդ մեկնել է, եւ ցուցակում 150-ից 200 հազարով ավել կլինի ընտրողների թիվը: Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ասում է այ ընգեր, դու գրում ես, որ եթե տեղական ընտրություն է՝ Երեւան, Վանաձոր, Գյումրի, մշտական բնակչությունն է մասնակցում, իսկ ո՞վ է մշտական բնակչությունը, այն քաղաքացիները, որոնք 6 ամիս եւ ավելի ապրել է այստեղ: Մնացածին թույլ եք տալիս ընտրի, եթե գա դիմում գրի ու քվեարկի: Ասում ենք՝ նույնը արեք ամբողջ հանրապետությունում, դուք ասում եք՝ չէ: Եթե բոլոր բնակավայրերում հնարավոր է, ո՞նց հնարավոր չէ ողջ հանրապետությունում»,-ասաց նա ու հավելեց. «Եղբայր մաքրեք ցուցակները, 1 մլն-ին հանեք, որոնք ՀՀ քաղաքացիներ են, բայց վերջին վեց ամսում չեն եղել հանրապետությունում»:
Անդրադառնալով կայուն մեծամասնության թեզին, Բագրատյանը նշեց. «Զոռով-շառով անցկացրեցինք կայուն մեծամասնության թեզը, լավ արեցիք: Ասում էինք, կայուն մեծամասնություն լինի, որ չթփրտա դաշտը, բայց այնպես չլինի, որ կայուն մեծամասնությունն ինչ ուզենա անի: Նոր Սահմանադրությունում մտցրեցիք օրգանական օրենք հասկացությունը, որը 3/5-ով է ընդունվում, ուրեմն էշին էլ պարզ պետք է լինի, որ կայուն մեծամասնությունը 3/5-ից ավելի չպետք է լինի, բայց ասում եք՝ չէ, 2/3-րդ խլելու ենք մինչեւ վերջ: Բա 54 տոկոսից էիք խոսում, ախորժակը բացվել է, գոնե հաշիվ տալի՞ս եք, ինչ եք անում: Ո՞նց կարող է կայուն մեծամասնությունը լինի 66,6 տոկոս, եթե կա կայուն մեծամասնություն, ուրեմն կա կայուն փոքրամասնություն եւս, ինչը գոյություն չունի»:
Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին, ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ համամասնականը ենթադրում է հանրապետության ողջ տարածքում մեկ ընտրատարածք, բայց իշխանությունն ասում է, թող ժողովուրդը որոշի, թե որ կուսակցությունից ով անցնի: «Էդ դեպքում 100 տոկոսով ասեք, որ անցնում ենք հավաքած ձայներով, ինչո՞ւ եք ասում կես-կես, վախենում եք ՀՀԿ-ի ներսում կռիվ լինի՞: Թե՞ մտնում եք իմ կուսակցության մեջ, որ որոշեք մեզնից ով է անցնում: Որ մտնեք , որ առնեք: Փողը ձեր ձեռնա, կարաք առնեք ու որոշեք՝ ովա ընդդիմությունը: Էս չեղավ, կամ լրիվ համամասնական ա, մարդավարի մեկ ընտրատարածք, կամ էլ եթե բոլոր ընտարատարածքներն են, ուրեմն կուսակցական ցուցակը չի անցնում ոչ մեկ: Էս ինչեր եք մոգոնում»,-ասաց նա:
«Դուք մտածում եք այնպիսի մեխանիզմ, որ 100 տոկոսով կանտրոլ անեք ամեն ինչ»,-ընդգծեց Բագրատյանը:



























