Նոր Ընտրական օրենսգրքով իշխանությունը Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին զրկում է քաղաքապետ ընտրելու հնարավորությունից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով փաստին, որ Գյումրիում ու Վանաձորում, Երեւասնի նման քաղաքապետի ուղղակի ընտրություն չի լինելու:
«Ես ինչքան հասկանում եմ ՏԻՄ ընտրություններին մեկնաբանվում է այնպես, որ դրանք ինքնակառավարման մարմիններ են, եւ Դիլիջանում ժողովուրդը պետք է ընտրի մեկ քաղաքապետ, պետք է ընտրի մեկ ավագանի, քաղաքապետը կոպիտ ասած՝ վարչապետի ֆունկցիա ունենա, ավագանին վերահսկի, թազա մոդելներ եք մոգոնել: Փոխանակ Երեւանը շտկեք, գնում ուրիշ քաղաքներն եք խառնում: Նույն ուժը համ քաղաքապետ է դառնում, համ ավագանին, կոռուպցիան կրկնապատկում ու եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրեժ եք լուծում Գյումրիից ու Վանաձորից, որտեղ մարդիկ ՀՀԿ-ին դեմ ենք քվեարկել: Այո, վրեժ եք լուծում, դուք զրկում եք այդ քաղաքներին քաղաքապետ ընտրելու հնարավորությունից, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել, ու ասում եք դեմոկրատիա, առաջընթա՞ց»,-ասաց նա:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ իրենք դեմ են այս Ընտրական օրենսգրքին: «Այսպիսի ԸՕ-ին մենք կատեգորիկ դեմ ենք, կոչ ենք անում, ընդդիմությանն էլ, միայն դեմ լինելով հնարավոր կլինի սրա դեմը կանգնել»,-իր խոսքն ամփոփեց նա:



























