Այս տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած (ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած) պայմանագրային զինծառայող 30-ամյա Արտակ Նազարյանը «վնասվածքներ է ստացել նաեւ կենդանության օրոք»: Այս մասին նշված է Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ: Ըստ այդմ, «մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումով` մուտքի անցքը տեղակայված է բերանի խոռոչում` քիմքի շրջանում, ելքինը` ձախ կողմնա-ծոծրակային շրջանում»:
Բացի այդ, Նազարյանը ստացել է նաեւ վնասվածքներ կենդանության օրոք` «մահը վրա հասնելուց մինչեւ 6 ժամ առաջ», մասնավորապես ստորին ծնոտի եւ աջ բազկի շրջաններում, որոնք, ըստ փորձագետի, «մահվան հետ պատճառական կապի մեջ չեն մտնում»: Հայտնաբերվել են նաեւ արյունազեղումներ, քերծվաքներ, որոնք առաջացել են «բութ առարկաների ազդեցությամբ մահվանից ոչ շատ առաջ»:
«Գլխի հրազենային գնդակային թափանցող, միջանցիկ վիրավորումը Ա. Նազարյանը ստանալուց հետո մահը վրա է հասել անմիջապես եւ չէր կարող կատարել ինքնուրույն գործողություն, իսկ մնացած վնասվածքների դեպքում կարող էր կատարել ինքնուրույն գործողություններ` շարժվել, քայլել, բղավել», - ասված է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նազարյանի հարազատների շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել է, որ եզրակացությունը լի է լուրջ հակասություններով, որ բազմաթիվ հարցեր իրենց համար մութ են մնացել: Ուստի իրենք պատրաստվում են լրացուցիչ հարցադրումներ անել:
Փաստաբանը, մասնավորապես, առանձնացրեց եզրակացության արձանագրումը, որ վնասված է Արտակ Նազարյանի լեզուն («հրազենային վնասվածքի հետեւանքով առաջացած անցք»): «Ինքնասպանություն գործելիս, լեզուն բարձրացնել, փողը դնել նոր կրակել` մի քիչ անընդունելի իրավիճակ է: Իսկ եթե լեզուն չի բարձրացրել, փողը մտցրել է մինչեւ կոկորդ` սրանք լրիվ տարբեր իրավիճակներ են, եւ լեզվի վրա պետք է որ հրազենային անցք չլիներ: Ուստի ես կարծում եմ, որ այս հակասությունների պայմաններում հարկ կառաջանա այլ մասնագետի կարծիքը եւս իմանալու: Մենք ի սկզբանե ասել ենք, որ այս փորձագետին հավատալու հիմքեր չունենք», - նշել է Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ սպա Արտակ Նազարյանի հարազատները բազմիցս հայտարարել են, որ չեն հավատում պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Զինծառայողի հարազատները պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Ի դեպ, Պնախարար Սեյրան Օհանյանը եւս խոստովանել է, որ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը հաստատված չէ եւ քննվում են բոլոր վարկածները:





























