Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը զարմացած է ՀՅԴ Բյուրոյի անդամ, նույնանուն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ այսօր սեպտեմբերի 28-ին մամուլի ասուլիսում արած հայտարարությունից, թե Կոնգրեսը սկսել է խոսել ՀՅԴ-ի տերմիններով եւ պահանջում է ամբողջական իշխանափոխություն: Զուրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ը 2008 թվականի փետրվարի 19-ից հետո պահանջում է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

«Սա է մեր պահանջը եւ այն չի փոխվել 2008 թվականից հետո: Եւ եթե ինչ-որ մեկը մինչեւ հիմա չի հասկացել, թե մենք ի՞նչ ենք պահանջում, թեեւ արդեն 2,5 տարի է անցել, ես ոչնչով օգնել չեմ կարող: Այնուամենայնիվ, ստիպված եմ կրկնել մեր պահանջը՝ արտահերթ համապետական ընտրություններ»,-նշեց Զուրաբյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է Վահան Հովհաննիսյանին ու Դաշնակցությանը, ապա նրանց միակ ինձ հայտնի պահանջը եղել է արտգործնախարարի հրաժարականի պահանջը: Թե ինչ նմանություն կա ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի տերմինաբանության միջեւ, թողնում եմ, որ դուք հետեւություն անեք»:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ասուլիսում Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե կոնգրեսը սկզբում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում, սակայն հիմա սկսել են խոսել ՀՅԴ-ի տերմիններով եւ  ամբողջական իշխանափոխություն է պահանջում: Նույն այդ Դաշնակցությունը, նկատենք,  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեւական ժամանակ պահանջում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ընդհուպ՝ հերթափոխով հացադուլ էր հայտարարել ԱԳ նախարարության շենքի առաջ: