Արարատ լեռը վեր է խոյանում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի վրա։ Քաղաքից ընդամենը 50 կմ դեպի հարավ գնալու դեպքում կարելի է տեսնել վեհասքանչ լեռը, որի բարձրությունը հասնում է մոտ 5 հազար մետրի եւ որը, թվում է, թե գտնվում է երկնքում։ Սակայն դու չես կարող բարձրանալ այն, քանի որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը փակ է, եւ կան ռազմական հենակայաններ, պահակախմբեր ու փշալարեր,- Le Monde diplomatique-ի էջերում պատմում է լրագրող ու քաղաքագետ Վիգեն Չեթերյանը։
Չեթերյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այլ ոչ թե Ցեղասպանության խնդիրը։ Անկարան ուզում է, որպեսզի Հայաստանը հանի իր զորքերը հակամարտության գոտուց։ Եվ միայն այդ դեպքում է Թուրքիան պատրաստ բացելու իր սահմաններն ու դիվանագիտական կապեր հաստատել Հայաստանի հետ։
Մինչդեռ վերջին երկու տարիների ընթացքում երկու երկրների դիվանագետների գործունեությունն աշխուժացել է։ 2007 թվականից հայ եւ թուրք դիվանագետները գաղտնի հանդիպումներ են անցկացնում Շվեյցարիայում։ Որոշ աղբյուրների համաձայն, նրանք մանրազնին կերպով քննարկել են չլուծված որոշ հարցեր։
Եղավ նաեւ ֆուտբոլային դիվանագիտության տարի։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրք իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երեւան՝ 2008 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական խաղին։ Գյուլը ժամանեց եւ իր արտգործնախարար Ալի Բաբաջանին հանձնարարեց բանակցություններ վարել «ճանապարհային քարտեզի» շուրջ։ Մեկդարյա թշնամանքից հետո ի հայտ եկան դրական փոփոխությունների մեծ հույսեր։
Սպասելիքներ կային եւ ապրիլի 24-ին (այդ օրը, աշխարհի ողջ հայությունը նշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը)։ ԱՄՆ-ի հայկական համայնքը հույս ուներ, որ երկրում իշխանության եկած նախագահ Օբաման մեկդարյա վաղեմության իրադարձությունները կճանաչի որպես Ցեղասպանություն։ Դրա փոխարեն Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 22-ին հայտարարեց, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել «ճանապարհային քարտեզի» շուրջ (ինչը հաստատեցին նաեւ Հայաստանի ու Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները)։ Սակայն մանրամասների մասին ոչինչ չէր հաղորդվում։ Այդ «ճանապարհային քարտեզը» շատ նման է իսրայելա-պաղեստինյան բանակցություններում կիրառվող համանուն հասկացությանը։ Այնուհետեւ ապրիլի 24-ին Օբաման հայերին ուղղված իր ելույթում Թուրքիայում տեղի ունեցած վերոհիշյալ իրադարձությունները որակեց որպես «մեծ աղետ»։ Նա այդպես էլ չարտասանեց այդ բառը՝ Ցեղասպանությունը, որին հայերը սպասում էին, եւ որի համար պայքարում են երկար տասնամյակներ շարունակ։
Ապրիլից հետո քիչ բան է փոխվել։ Անկարան ամուր կանգնած է իր դիրքերում՝ կրկնելով, որ սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Որոշ աղբյուրներ հաղորդում են թուրքական «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցության, ինչպես նաեւ Գյուլի ու երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարբեր մոտեցումների մասին։ Այլ աղբյուրներ վկայում են Ադրբեջանի ազգայնամոլական տրամադրություններ ունեցող շրջանակների կողմից Գյուլի վրա գործադրվող ճնշման մասին։ Առաջընթացի բացակայությունը մեծացրել է նաեւ Հայաստանի նախագահի վրա գործադրվող ճնշումը. մասնավորապես, այն բոլոր զիջումների համար, որոնց նա գնաց այդ խնդրի պատճառով։ Մասնավորապես, ՀՅ Դաշնակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ պահանջելով ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։
Եվ այժմ, հոկտեմբերի 4-ին, Հայաստանի հավաքականը Թուրքիայի ազգային թիմի հետ պատասխան հանդիպումը պետք է անցկացնի մրցակցի դաշտում։ Սերժ Սարգսյանը հրավիրված է այդ հանդիպմանը, սակայն նա կարող է եւ չմեկնել, եթե սահմանները մինչ այդ չբացվեն։
Ինչեւիցե, ֆուտբոլային դիվանագիտությունը նոր հետաքրքրություն էր առաջ բերել տարածաշրջանում։ Վերջին տարիներին հայ եւ թուրք ինտելեկտուալներն ու մարդու իրավունքների հարցերով ակտիվիստները քննարկում են բազմաթիվ հարցեր ու նախագծեր։ Երկու կողմերին բաժանող պատնեշն ընկել է, եւ գործի է դրվել նոր փոխհարաբերությունների հաստատման փորձը։




























