Իրանում բլոգերության հիմնադիր Հոսեյն Դերախշը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման` «հակապետական ակտիվության» համար: Ավելի վաղ նշվում էր, որ երիտասարդին մահապատիժ է սպառնում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մեղադրական եզրակացությունում ասվում է, որ բլոգերը «քարոզչություն է արել Իրանի վարչակազմի դեմ» եւ «համագործակցել է թշնամական պետությունների հետ»:

Իր առաջին բլոգներում Հոսեյնը քննադատել է Իրանի քաղաքական եւ կրոնական իշխող շրջանակներին, կողմ է արտահայտվել ժողովրդավարական բարեփոխումներին, հաղորդում է «Վեստին»: Իսկ այդպիսի գործունեությունը չէր կարող աննկատ մնալ:

Երիտասարդ բլոգերը նաեւ Կանադայի քաղաքացի է: Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, այս տեղեկատվության հետ կապված եւ հայտարարել, որ ստուգում է դրա հավաստիությունը: