Նախօրեին ուշ երեկոյան «Կոշ» քրեակատարողական հիմնարկում «արտակարգ դրություն» էր՝գրում է «ՉԻ»-ն՝ շարունակելով. «Բերդից ինֆորմացիոն արտահոսք էր եղել այն մասին, որ ներսում փորձում են ամեն կերպ «նեղել» քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Հասարակական-քաղաքական մի շարք հայտնի դեմքեր հավաքվել էին «ՀԺ»-ի խմբագրությունում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկելու՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին օրինականության դաշտ բերելու համար: Փաստաբանները կեսգիշերին գնացել էին «Կոշ»՝ փորձելով ներս մտնել, սակայն նրանց բոլոր փորձերը ապարդյուն էին անցել:

Գիշերը տարբեր խողովակներով մենք փորձեցինք «ներսից իմանալ», թե ինչ է կատարվում «Կոշ»-ում, սակայն դա այնքան էլ շուտ չհաջողվեց, քանի որ աշխատակազմը «խառն» էր: Նույնիսկ ծայրահեղության հասնող լուրեր տարածվեցին: Թե ինչու էր խառը, որեւէ մեկը չէր ցանկանում հստակ պատասխանել: Նրանց կցկտուր խոսքերից կարողացանք հասկանալ, որ դարձյալ ինչ-որ անհաջող փորձեր էին կատարել՝ ճնշելու Նիկոլ Փաշինյանին, սակայն աղմուկը սպասվածից մեծ էր եղել»: Թերթի տեղեկացմամբ՝ իշխանություններին սաստիկ զայրացնում են Նիկոլ Փաշինյանի հրապարակումները կալանավայրի ներքին խոհանոցի, այնտեղ  տիրող բարքերի եւ նիստուկացի վերաբերյալ: Նրանք ջանում են այնպես անել, որ Նիկոլը սահմանափակվի անատամ մի քանի հրապարակումներով՝ քաղաքական կամ հասարակական այլ երեւույթների մասին: Սակայն Փաշինյանն էլ շարունակում է պայքարել իր իրավունքների համար, ինչն այսօր քրեակատարողական հիմնարներում չլսված ու չտեսնված բան է: Ինչեւէ, արդեն երեկ, ըստ թերթի, Նիկոլ Փաշինյանի փաստաբաններին հաջողվել է տեսակցել նրա հետ: Փաստաբան Վահե Հովսեփյանը թերթին փոխանցել է, որ «Նիկոլ Փաշինյանի տրամադրութունը շատ լավ է, բացարձակ ընկճվածություն չկա նրա մոտ: Նա այնպիսին է, ինչպես միշտ»: