Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Միխայի Շվիդկոյը «Մի թողեք պատերազմը երեխաներին» հոդվածում ներկայացրել է Վլադիմիր Սպիվակովի՝ Բաքու եւ Երեւան կատարած այցի մանրամասները: «Հայ երաժիշտներն առաջին անգամ տեսան Բաքվի ծովափն ու Կսպից ծովը: Ադրբեջանցիները զարմացան, երբ նրանց բարեհամբույր դիմավորեցին երեւանյան շուկայում»,- գրում է հոդվածի հեղինակը:
Վլադիմիր Սպիվակովի գլխավորած ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայության ցանկում ընդգրկված էին ոչ միայն Նյու Յորքը, Փարիզը, Աստանան, Աշխաբադը, Կիեւն ու Մոսկվան, այլեւ Բաքուն եւ Երեւանը: Նվագախումբը նախորդ տարիներին էլ նվագել է այդ քաղաքներում, բայց նախկինում երբեք հայ երաժիշտները չէին նվագել Բաքվի ֆիլհարմոնիայի բեմում, իսկ ադրբեջանցիները՝ Երեւանում:
«Առաջին անգամ վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին Բաքու է մեկնել «Ադրբեջանական ավիաուղիների» պարբերական չվերթով, իսկ երեք օր անց` Երեւանից Մոսկվա «Արմավիայի» ինքնաթիռով ժամանել է Ադրբեջանի քաղաքացին: Առանց ուղեկիցների եւ թիկնապահների, մենք երեքս՝ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, Արմեն Սմբատյանն եւ Միխայիլ Շվիդկոյը, հին ծերուկներ, սովորական չարտերով թռչում էինք: Այդ տոմսերը երեխայի պես ուրաացրել էին իմ ուղեկիցներին, նրանք դա չէին տեսել 20 տարի: Թերեւս երկու տարի առաջ դա անհնար էր պատկերացնել»,- գրում է Շվիդկոյը:
Հեղինակը գրում է նաեւ. «Միամիտ է կարծել, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը: Բայց առանց դրա մարդիկ չեն կարող հասկանալ, որ աշխարհը կարելի է դեպի լավը փոխել: Ես չգիտեմ,թ ե ով էր երկրպագում նվագախմբին, բայց նրանք հաստատ պատերազմի մասին չէին մտածում: Նրանց հոգիներում ատելություն չկար: Չկար ատելություն նաեւ երաժիշտների մեջ, ովքեր պատրաստ են այնքան միասին նվագել, մինչեւ երկու երկրների ղեկավարները կանեն ամեն ինչ, որ հակամարտության լուծման արժանավայել եւ փոխընդունելի քաղաքական լուծում գտնեն»:




























