«Առավոտ» օրաթերթը ուշագրավ բլից-հարցազրույց է վարել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն վարչապետ, վերջին շրջանում Ձեր հասցեին անընդհատ մեղադրանքներ հնչեցին, որ շատ եք զբաղվում Ձեր PR-ով, հեռուստաեթերից բարձր նախադասություններ եք ասում՝ գեղեցիկ բառերով, մարդիկ հիանում են, սակայն դրանից մեր տնտեսությունում առկա խնդիրները լուծում չեն ստանում: Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքներին:

Չեմ արձագանքի:

Ինչո՞ւ: Սա այն դեպքերից է, որ լռությունը համաձայնության նշան է:

Չէ: Պարզապես ոչ բոլոր գնահատականներին պետք է հակառակվել:

Մոտ մեկ տարի է՝ Ձեր բլոգը գործում է. վերլուծություն ունե՞ք, ի՞նչ տվեց դա Ձեզ եւ հանրությանը:

Ուղղակի կապ:

Իսկ դրա արդյունքում  որեւէ խնդիր, որեւէ հարց լուծում կամ պարզաբանում ստացա՞վ:

Իհարկե: տասնյակ:

Մի օրինակ կբերե՞ք:

Ոչ: Կոռեկտ չէ:

Վերջին շրջանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների արդյունքում հայկական բանակի խնդիրները հասարակական բազմակողմանի քննարկման առարկա դարձան: Հետեւե՞լ եք այդ քննարկումներին, չեք կարծում, որ անհրաժետություն կա վերանայելու բանակի նկատմամբ վարվող ընդհանուր քաղաքականությունը, մասնավորաբար՝ կադրային քաղաքականությունը:

Ոչ:

Ինչո՞ւ:

Որովհետեւ  կարծում եմ, որ ընդհանուր քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված:

Նորմա՞լ եք համարում, որ մեր բանակում նման բաներ են տեղի ունենում:

Իհարկե՝ ոչ:

Ոչինչ պետք չէ՞ անել դրանք նվազագույնի հասցնելու համար:

Այն քաղաքականությունը, որն իրականացնում ենք` պետք է իրականացնենք մինչեւ վերջ:Եւ այդ քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված, որի արդյունքում այսօր բանակն այն բացառիկ կառույցներից մեկն է, որը վայելում է մեր ժողովրդի բացարձակ  վստահությունը: Այս վստահությունը մի քանի անգամ գերազանցում է մյուս բոլոր կառույցների նկատմամբ վստահությունը: Դա նշանակում է, որ բանակաշինությունը դրված է ճիշտ հիմքերի վրա, եւ պետք է հետեւողական լինել, բոլոր ռեֆորմները տանել առաջ եւ հասցնել իրենց տրամաբանական ավարտին:  Չկա որեւիցե ոլորտ, որտեղ մենք չունենանք բացթողումներ եւ թերություններ, ուղղակի ճիշտ գնահատականի պետք է արժանանան եւ դրականը, եւ բացասականը:

Վստահության դրսեւորո՞ւմ է, որ մարդիկ նորից զարտուղի ճանապարհներ են փնտրում՝ երեխաներին բանակ չուղարկելու համար:

Իհարկե, ոչ: Ես ասում եմ, որ կան խնդիրներ, բայց եթե խնդիրներ կան, չի նշանակում, որ հաջողություններ չկան:

Ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել նրան, որ պարտավոր եք հավասարակշռված ներկայացնել, ձեռքբերումների կողքին՝ խնդիրները, բացթողումները: Բայց այնպես չստացվի, որ գիշեր-ցերեկ բանակի մասին բացասական տեղեկատվություն տարածեք: Դա արդար չի լինի բանակի, կարծում եմ՝ նաեւ երկրի նկատմամբ: