Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին տեղի է ունենալու Դաշնակցության հրավիրած հանրահավաքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՅԴ խմբակցության եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արա Նռանյանը: Նա նշեց, որ հանրահավաքի ընթացքում խոսվելու է Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, որոնք հատկապես սրվել են Արագածոտնի մարզում: «Խոսվելու է նաեւ մարզերի անհամաչափ զարգացման, արտագաղթի, աշխատատեղերի, թանկացումների մասին: Անդրադարձ կլինի նաեւ մարզերում ոստիկանական կամ պատժիչ լծակների ոչ արդյունավետ կիրառմանը»:
Հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան Արագածոտնի մարզի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՅԴ ղեկավար անդամներ, մասնավորապես՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Դաշնակցության Արագածոտնի մարզային կառույցը Աշտարակի քաղաքապետարանին իրազեկել էր սեպտեմբերի 29-ին քաղաքում հանրահավաք անցկացնելու մասին եւ սեպտեմբերի 24-ի որոշմամբ, մերժում ստացել: ՀՅԴ ԳՄ-ն որոշումը բողոքարկել էր ՀՀ Վարչական դատարանում՝ անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետարանի սեպտեմբերի 24-ի որոշումը: Դատարանը երեկ՝ սեպտեմբերի 28-ին մերժել է հայցը: ՀՅԴ գերագույն մարմինը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կայանալու է:




























