Խանտի Մանսիյսկում մեկնարկել է ՖԻԴԵ-ի Կոնգրեսի Գլխավոր ասամբելայի նիստը, որի ընթացքում պետք է տեղի ունենա կազմակերպության նախագահի ընտրությունը: ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունները դեռ չեն սկսվել, սակայն Կոնգրեսի պատվիրակներն արդեն վիճաբանութունների մեջ են: «Յուգրա-Ինֆորմը» տեղեկացնում է, որ մի քանի երկրների ներկայացուցիչներ դժգոհ են Կոնգրեսի Գլխավոր ասամբլեայի օրակարգից:
Նիստի սկզբում հանձնաժողովներից մեկի նախագահն ընթերցել է, այսպես կոչված, պրոքսիների մասին զեկույցը: Քարտուղարությունը երեկ ընդունել է երաշխավորագրեր այն երկրների ներկայացուցիչներից, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկայանալ ընտրությունների, եւ այսօր ընթերցվել է, թե բացակայող երկրների ձայները որ երկրներին են փոխանցվում: Օրինակ` Բոսնիա-Հերցեգովինայի պատվիրակները չեն կարողացել ժամանել Խանտի Մանսիյսկ եւ իրենց ձայնը տվել են Թուրքիային: Ընդհանուր առմամբ 56 պրոքսի է գրանցվել: Գարի Կասպարովը հայտարարել է, որ դրանց կեսից ավելին ստուգման կարիք ունեն: Այնուհետեւ գործող նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է ներկա-բացակա անել, սակայն պատվիրակների մի մասը բողոքել է:
Շվեյցարիայի ներկայացուցիչները նշել են, որ տվյալները ցածր եւ անհասկանալի են ընթերցվել, այդ պատճառով պետք է կրկնել որոշ փաստեր:
Նրանց առաջարկը պաշտպանել են մի շարք եվրոպական երկրներ, նաեւ ԱՄՆ-ն: Այդ օրակարգին կողմ է հանդես եկել նաեւ Անատոլի Կարպովի աջակից Գարի Կասպարովը: Այժմ պրոքսիների հաշվետվության վերընթերցման անհրաժեշտության հարցն է որոշվում:
Նիստից առաջ պատվիրակները դժգոհություն են հայտնել նաեւ միջոցառման կազմակերպումից: Նախատեսվում էր յուրաքանչյուր երկրից երկու պատվիրակի մասնակցություն, սակայն բոլորին տեղ չի հասել դահլիճում: Նիստն անցկացվում է Օլիմպիադայից առաջ կառուցած Շախմատային ակադեմիայի շենքում:




























