Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, ժամը 00.20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման հարցերով պատասխանատուին է զանգահարել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը եւ հայտնել, որ իրենց ունեցած տեղեկություններով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում:

Պաշտպանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այս կապակցությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը մեկնել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ եւ ժամը 02.20-ից մինչեւ 03.10 զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ն. Փաշինյանին առաջարկվել է զրուցել մեկուսի, սակայն վերջինս պնդել է, որ հանդիպումն  անցկացվի հիմնարկի ղեկավարի ներկայությամբ:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, ինչպես նաեւ որեւէ մեկի կողմից իր կյանքին վտանգ  սպառնացող գործողություն կամ հայտարարություն չի կատարվել, սակայն չի բացառել, որ դա տեսականորեն հնարավոր է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ ինքը չի խնդրել որեւէ մեկին, որպեսզի զանգահարեն Մարդու իրավունքների պաշտպանին եւ նման հայտարարություն անեն:

 Զրույցի ընթացքում Ն. Փաշինյանի կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ` կապված ՔԿՀ-ի պահման պայմանների եւ վարչակազմի ապօրինի գործողությունների վերաբերյալ: Վերջինիս առաջարկվել է ասվածը հիմնավորող տեղեկություններով գրավոր դիմել Պաշտպանին: Ն. Փաշինյանը չբացառելով ներկայացված առաջարկը, հայտնել է, որ դրանց մասին առավել մանրամասն կանդրադառնա լրատվամիջոցներում հրապարակվելիք իր հետագա հոդվածներում:

Հանդիպման վերջում ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի ղեկավար Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու է ցանկացած դատապարտյալի` այդ թվում նաեւ Ն. Փաշինյանի անվտանգության համար: