Ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, եւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի նախագահի հրամանագրով հիմնվել է Վիկտոր  Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվում է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար:

9 հոգուց բաղկացած միջազգային հանձնաժողովն ստացել է 14 հավակնորդի անուն՝ աշխարհի տարբեր երկրների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից: Մրցանակը, որը կազմում է 500 հազար դոլար, շնորհվեց շվեյցարացի հանրահայտ աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին՝ Գարիկ Իսրայելյանին ու Նունո Սանտոսին:

Սակայն մրցանակի հանձնումը արտերկրյա գիտական խմբին, մեծ թվով հայ գիտնականների դժգոհությունն է առաջացրել, որոնք կարծում էին, որ մրցանակային գումարը շնորհվելու է Բյուրականի աստղադիտարանին։

«Վիկտոր Համբարձումյան» միջազգային մրցանակի միջազգային հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարզազրույցում ասաց, որ Հայաստանից առաջադրված աստղագետների խումբը բավականին թույլ էր այդ մրցանակին արժանանալու համար, բացի այդ՝  մրցանակակրին որոշել է միջազգային հանձնաժողովը։

«Հայաստանյան խմբի թույլ լինելը բոլորովին էլ պայմանավորված չէ հայ աստղագետների մտքի կարողություններով, դա ունի նաեւ իր օբյեկտիվ պատճառները, սկսած սարքավորումներից, որոնք բավականին հին են, վերջացրած վերապատրաստումներով եւ տարբեր միջազգային ծրագրերի մասնակցության համար գումարների սղությամբ կամ դրանց բացակայությամբ»,-ասաց Ա. Միքայելյանը։  Նրա խոսքով՝ մրցանակը արտերկրյա գիտական խմբին շնորհելը աստղագիտության բնագավառում Հայաստանի հեղինակության բարձրացումից բացի, մեր երկրին կբերի նաեւ  գործնական օգուտներ։

Ա. Միքայելյանի խոսքով՝ միջազգային մրցանակի հանձնումը Հայաստանի համար հեռատես եւ հեռանկարային քայլ էր, քանի որ օրինակ՝ այս մրցանակն ստացողները բավականին ոգեւորված են եւ ցանկանում են մեծ նախագծեր անել Բյուրականի աստղադիտարանի հետ՝ արտաարեգակնային մոլորակների հետ կապված։

«Գիտական այդ նոր նախագիծը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար, ինչը երկու անգամ ավելին է Վ. Համբարձումյանի անվան մրցանակի գումարից»,-ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ այդ գումարը հատկացնելու է արտերկրյա գիտական հիմնադրամը, իսկ  նախագծում կարող են աշխատել նաեւ երիտասարդ աստղագետներ։ Արդեն իսկ երկու երիտասարդներ կրթաթոշակ են շահել եւ մեկնել են արտերկիր՝ վերապատրաստման։   

Ա. Միքայելյանի խոսքով՝ այս ամենից Բյուրականի աստղագետներն արդեն իսկ ոգեւորել են, իսկ Վ. Համբարձումյանի անվան մրցանակի վերաբերյալ դժգոհությունները կարծես թե սկսել են մարել։