ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակի փոփոխությունը որեւէ կերպ չի ազդի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական ակտիվության վրա: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Չեմ կարծում, որ Արեւիկ Պետրոսյանի փոփոխությունը Սամվել Բալասանյանով, կարող է մեծ խթան հանդիսանալ ԲՀԿ-ի ակտիվացման համար, որովհետեւ ակտիվությունը փոխխոսնակի անձով չէ պայմանավորված, այլ խմբակցության եւ կուսակցության աշխատանքով»,-նշեց նա: Ըստ Մարտիրոսյանի՝ Արեւիկ Պետրոսյանի հեռացմամբ՝ թուլանում է ԲՀԿ-ի քոչարյանական թեւը, քանի որ, ինչպես հայտնի է, Պետրոսյանը համարվում է քոչարյանական կադր: «Ժառանգության» ներկայացուցիչը հավելեց նաեւ, որ իր համար, որպես քաղաքացի, «ավելի հաճելի էր ամբիոնում տեսնել շատ ավելի գրագետ եւ կիրթ կնոջ»: Սակայն, ըստ նրա, թե Արեւիկ Պետրոսյանի, եւ թե Սամվել Բալասանյանի դեպքում «Ժառանգություն»-քաղաքական մեծամասնություն տարաձայնությունների շարքը շարունակվելու է:
Ի դեպ, Մարտիրոյսանը նշեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեռեւս չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու Բալասանյանի օգտին, «քանի որ նրա նշանակումն արդեն կատարված է»:





























