Մոսկվայի կառավարությունը սեպտեմբերի 29-ին ցրվել է։ «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, կառավարությունը ցրվել է «Մոսկվայի կառավարության մասին» օրենքով, ըստ որի, քաղաքապետին պաշտոնից ազատելու հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով պետք է հրաժարական տա նաեւ քաղաքի վարչակազմը:

Ընդհանուր հաշվով, ազատվել են 250 մայրաքաղաքային պաշտոնյաներ, փոխքաղաքապետեր, դեպարտամենտների ղեկավարներ եւ այլն։ Սակայն այս պաշտոնյաները կշարունակեն կատարել իրենց պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվայի կառավարության նոր կազմը չի ձեւավորվել։ Թեկնածուների անունները հնարավոր է հայտնի դառնան մյուս շաբաթ։

Հիշեցնենք, որ Ռուսատսանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 28-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին ազատել էր պաշտոնից «վստահությունը կորցնելու» հիմնավորմամբ։ Այսօր նախկին քաղաքապետը եկել էր իր իրերը հավաքելու, ինչի համար, Լուժկովի խոսքով, անհրաժեշտ կլինի մի քանի օր։