Հայաստանը պետք է աշխարհին հայտարարի, որ լենին-ստալինյան հանցագործությունները չեն կարող հիմք լինել Հարավային Կովկասի համար, քանի որ բազմաթիվ օրինակները ցույց են տվել, որ դրանք հիմք չեն դարձել այլ երկրների համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծակա կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծ է քննարկվել: «Ես ինքս երբեք ԼՂՀ-ի ճանաչման կողմնակից չեն եղել, քանի որ դա մեզ խնդիրների առջեւ կկանգնեցնի, օրինակ՝ քաղաքացիության հարցի: Ես միշտ հանդես եմ եկել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու օգտին»,- նշեց Արա Պապյանը՝ ընդգծելով, որ դրա համար իրավական լուրջ հիմքեր կան, մասնավորապես, 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի Լիգայի զեկույց-առաջարկը, որի համաձայն՝ այդ ամբողջ տարածքը Հայաստանի տարածք է ճանաչվել:
«Հետեւաբար՝ մենք պետք է Հայաստանի գրավյալ տարածքների հարց բարձրացնենք: 1921 թվականին Խորհրդային Կարմիր բանակը գրավեց այդ տարածքը եւ հանձնեց մեկ այլ վարչական միավորի: 1991 թվականին այդ ռեժիմը փլուզվեց, սխալները շտկվեցին, խորհրդային զորքերը դուրս բերվեցին Արեւելյան Եվրոպայից, մասնատված երկրները միավորվեցին, երկրները, որոնք անկախ չէին, անկախություն ձեռք բերեցին: Այսինքն՝ լենին-ստալինյան համակարգը փլուզվեց: Հիմա, հայտնի չէ ինչու, ցանկանում են այդ համակարգը վերականգնել Հարավային Կովկասում՝ հայերի հանդեպ, դա անընդունելի է»,- ընդգծեց Արա Պապյանը:
Հայաստանը, ըստ Պապյանի, պետք է միջազգային հանրությանը խնդրի սատարել երկրի տարածքներն ազատագրելու հարցում, որոնք շարունակում են Ադրբեջանի կողմից բռնազավթված մնալ:
«Նախիջեւանն ու Դաշտային Ղարաբաղը մինչեւ հիմա բռնազավթված են: Լեռնային Ղարաբաղը դե-յուրե միշտ Հայաստանի տարածք է եղել, մենք պարզապես ազատագրել ենք այդ տարածքի փոքրիկ մասը»,- հավելեց Արա Պապյանը:




























