Հյուսիսային Կորեայի իշխանությունները բարձրացրել են այսօր մեկնարկած Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի գաղտնիության վարագույթը՝ ուշ երեկոյան երկրի կենտրոնական հեռուստաալիքով լուրերի հատուկ թողարկմամբ լուսաբանելով այդ իրադարձությունը: Առաջնորդ Կիմ Չեն Ինը զեկուցել է հաջողությունների մասին, միաժամանակ, ներկաներին զարմացրել նորաոճ եվրոպական կոստյումով:
Երկրի ղեկավարը խոսել է վերջին ձեռքբերումների մասին՝ չմոռանալով անդրադառնալ նաեւ «ջրածնային ռումբի փորձարկմանը», ինչպես նաեւ տնտեսական իրադրության բարելավմանը եւ խոշոր շինարարական նախագծերի իրականացմանը:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, ուշադրություն է գրավել փաստ, որ Կիմ Չեն Ինը համագումարին ներկայացել է իր համար ոչ սովորական տեսքով՝ եվրոպական նորաոճ կոստյումով, ճերմակ վերնաշապիկով եւ բաց մոխրագույն փողկապով: Սովորաբար, սակայն, նա պարզ վերնաշապիկ կամ զինվորական համազգեստ է հագնում: Չի բացառվում, որ կարեւորագույն միջոցառմանն ընդառաջ ամուսնու համար հագուստ է ընտրել նրա կինը՝ Լի Սոլ Չժուն, որը հայտնի է լավ հագնելու ունակությամբ եւ Հյուսիսային Կորեայի «նորաձեւության օրենսդրի» անուն է ձեռք բերել:




























