Հնագետները, որոնք պեղումներ են իրականացնում Կրեմլի ապամոնտաժված  14-րդ մասնաշենքի տեղում, 12-14 դդ-ի արտեֆակտեր են հայտնաբերել:

Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչությունից պարզաբանել են, որ մասնագետները արտեֆակտեր են հայտնաբերել, որոնք վկայում են  «Կրեմլի արեւելյան մասի յուրացման մասին XII դարավերջից ոչ ուշ եւ աշխույժ քաղաքային կյանքի մասին»:

Գտածոների թվում են ապակե թեւնոցներ, ապակե տարաների բեկորներ, կանացի հագուստի մետաղական զարդարանքներ, զանգվածեղ կերամիկ նյութեր: 

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ «առավել արտահայտիչ առարկաների թվում է գրչասայրը` գտածո, որպիսիք այնքան էլ շատ չեն Հին Ռուսաստանի Հյուսիս-Արեւելյան քաղաքներում»:

Կրեմլի 14-րդ մասնաշենքի տեղում 2015-ի նոյեմբերից հնագիտական հետազոտություններ են անցկացնում ՌԳԱ-ի Հնագիտության ինստիտուտի մասնագետները: Պեղումներն իրականացվում են Իվանովյան հրապարակի եւ Սպասյան աշտարակի միջեւ: 

Հնագետներին արդեն «հաջողվել է ի հայտ բերել   Նիկոլաեւյան փոքր պալատի կառույցների մի մասը (որի հիմքը դրվել է 1775-ին Մատվեյ Կազակովի նախագծով), Համբարձման վանքի Եկատերինյան եկեղեցու  (1817 թ, կառուցվել է Կառլ Ռոսսիի նախագծով), ճաշասրահի, որը միացված է Ավետման եկեղեցու եւ Հրաշքի վանքի Ալեքսեյյան եկեղեցու հետ  (XVII դ-ի վերջ)»:

ՌԲԿ-ն հայտնում է, որ Կրեմլի 14-րդ մասնաշենքի ապամոնտաժումը կավարտվի  2016-ի ապրիլի 29-ին: Շենքը կառուցվել էր 1932–1934 թթ-ին ավերված Հրաշքի եւ Համբարձման վանքերի եւ Նիկոլաեւյան փոքր պալատի տեղում: Մասնաշենքում նախ տեղակայվել էր Խորհրդային   1-ին ռազմական դպրոցը, 1938-ին շենք էր տեղափոխվել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը: Մինչեւ 1991 թվականը շենքում անցկացվել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչեւ  2008 թվական 14-րդ մասնաշենքում ընթացել են Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի ասուլիսները: