Շաբաթ Սիրիայում գերությունից ազատված իսպանացի երեք լրագրողները Մադրիդում են: Այս մասին գրում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հատուկ օդանավը, որը նրանց փոխադրելու համար նախօրեին ուղեւորվել է Թուրքիա, վայրէջք է կատարել Մադրիդի արվարձանում գտնվող Տորեխոն դե Արդոս ռազմաբազայում:
Շաբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ 9 ամիս եւ 26 օր գերության մեջ անցկացրած իսպանացի երեք լրագրողներն ազատագրվել են:
Լրագրող Անտոնիո Պամպլիեգան, ֆոտոլրագրող Խոսե Մանուել Լոպեսը եւ օպերատոր Անել Սաստրեն Հալեպում են եղել՝ սիրիացի թարգմանչի ուղեկցությամբ, երբ զինված անձինք կանգնեցրել են մեքենան եւ պատանդառել նրանց: Լրագրողական խմբի անհետացման մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ նրանք գերեվարվել են հուլիսի 12-ին:




























