Սաուդյան Արաբիայի պետական նավթային Saudi Aramco ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել արդյունահանումը 2016-ին եւ ամրապնդել իր ներկայությունը համաշխարհային շուկայում, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ամին Նասսերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Նասսերի խոսքով, որին մեջբերում է Բլումբերգ գործակալությունը,  Saudi Aramco-ն նախատեսել է ընդլայնել իր ներկայությունն արտասահմանում եւ դիտարկում է համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Ինդոնեզիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Վիետնամում, Հարավային Աֆրիկայում: 

Բացի այդ, ընկերությունը մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում նախատեսել է  Շեյբա հանքավայրում  արդյունահանումն ավելացնել 33 տոկոսով, մինչեւ օրական մեկ մլն  բարել: Նասսերի խոսքով, այս հանքավայրն ընկերության համար առանցքայիններից մեկն է: Միաժամանակ նախատեսված է տասնամյակի ընթացքում կրկնապատկել Շեյբայից գազի արդյունահանումը, հայտնում է գործակալությունը:  

«Չնայած դա բարդ խնդիր է, այս որոշումն այնուամենայնիվ ընկերությանն աճի հնարավորություն է տալիս», — Նասսերին է մեջբերում Բլումբերգը: 

Բացի այդ, Saudi Aramco-ի գլխավոր տնօրենը ենթադրում է, որ նավթի համաշխարհային պահանջարկը 2016-ին կաճի օրական 1,2 մլն բարելով:

Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է: