«Պանամական թղթապանակի» շրջանակում հրապարակված փաստաթղթերը գողացված են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը:   

Նրա խոսքով, չարժե «Ռուսաստանում ապաօֆշորացման գիծը կապել  «պանամական փաստաթղթերի» հետ, որովհետեւ դրանք «լիովին տարբեր երեւույթներ են»:

««Պանամական փաստաթղթերը»  գողացված փաստաթղթեր են: Անհրաժեշտ է իրերն այդպես իրենց անուններով կոչել», - շարունակել է նա:

Պեսկովը պարզաբանել է, որ չնայած տնտեսության ապաօֆշորացման քաղաքականությանը, որ իրականացնում է Ռուսաստանը, Ռուսաստանում ոչ ոք չի արգելել օֆշորները, որպես այդպիսին եւ դրանցում հակաօրինական ոչինչ չկա:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ անօրինական է հարկեր չվճարելը եւ Ռուսաստանում հարկեր վճարումից խուսափելու փորձը, հայտնում է   «Վեդոմոստին»:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը  (ICIJ) մայիսի 9-ին մուտք է բացել 320 000 օֆշորային ընկերությունների տվյալների առցանց բազային: Ռուսաստանի հետ կապված 11 516 ընկերություն է հայտնվել բազայում եւ   6285 ֆիզիկական եւ իրավաբանական անձ: