Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախագահի սոցիալական հարցերով տեղակալի պարտականությունը կատարող Մարիա Գայդարը հայտնել է, որ պաշտոնից հրաժարման հայտարարություն է գրել, հայտնում է Օդեսայում հրապարակվող   «Թայմերը»: «Օդեսայի ինքնապաշտպանության» եւ տեղի «Ավտոմայդանի» ակտիվիստները պահանջել են, որ նա հրաժարական տա եւ լքի Ուկրաինան, գրում է պարբերականը` հրապարակելով լուսանկարներ, որոնցում Գայդարը շփվում է մարդկանց հետ:  

«Ես հեռանում եմ տեղակալի պաշտոնից, բոլոր գործերը կվարի Սոլոմիան  (մարզային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիի տեղակալ Սոլոմիա Բոբրովսկայան): Մենք ուզում ենք տարանջատել առողջապահության եւ  սոցիալական քաղաքականության դեպարտամենտները: Մենք կշարունակենք բաց մրցույթները, ես ազնվորեն եմ աշխատել այստեղ», — նրա հայտարարությունն է մեջբերում «Թայմերը»:

Պարբերականը նշում է, որ Գայդարը չի պատրաստվում լքել Ուկրաինան եւ մտադիր է աշխատել որպես նահանգապետ Սահակաշվիլիի խորհրդական: 

Ակտիվիստները խիստ պահանջներ են ներկայացրել Գայդարին:  «Հանեք կոկոշնիկը, ծնկի եկեք եւ ներողություն խնդրեք, — ակտիվիստ Նատալիա Պրանժային է մեջբերում «Թայմերը»: Ցերեկը ժամը չորսին` աշխատանքային ժամին, դուք եղել եք  «Միմինո» ռեստորանում: Ես դեմ եմ ձեզ նմաններին եւ դուրս կգամ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի դուք հեռանաք: Դուք խայտառակում եք Սաակաշվիլիին, դուք խայտառակում եք նրա թիմը»: