Մայիսի 11-ը կարող է վճռորոշ դառնալ առաջիկա տարիներին Բրազիլիայի ճակատագրի համար՝ հենց այդ օրը պետք է երկրի սենատում քվեարկություն անցնի՝ պետության ղեկավար Դիլմա Ռուսեֆի հրաժարականի հարցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նիստը սկսվելու է առավոտյան ժամը 9-ին, սակայն «Ռոյթերը» նշում է, որ սենատորների բանավեճը ամենայն հավանականության երկար կտեւի՝ ընդհուպ մինչեւ երեկոյան ժամը 8-ը:
Ռուսեֆին 180 օրով պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու համար անհրաժեշտ է հավաքել սենատորների ձայների կեսից ավելին՝ առնվազն 41-ը: Այդ դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կանցնեն փոխնախագահ Միշել Թիմերին, իսկ սենատը նորից կքննարկի այդ հարցը հատուկ նիստում՝ գերագույն դատարանի ղեկավարի նախագահությամբ: Այդ ժամանակ Ռուսեֆի ճակատագիրը վերջնականապես կվճռվի՝ եթե խորհրդարանականների երկու երրորդը քվեարկի իմփիչմենթի օգտին, ապա նա կհեռանա պաշտոնից:
Ապրիլին Folha de Sao Paolo թերթի անցկացրած հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ սենատում գալիք քվեարկության ժամանակ կոնգրեսի վերին պալատի անդամների մեծամասնությունը կողմ կքվեարկի իմփիչմենթին: Հարցման տվյալներով ՝ իմփիչմենթի օգտին կքվեարկի 81 խորհրդարանականներից 48-ը՝ անհրաժեշտ 41 ձայնի դեպքում: Ընդ որում դեմ կքվեարկեն 20-ը, մնացածը 13-ը կամ դեռ չեն կողմնորոշվել, կամ էլ հրաժարվել են պատասխանել հարցին:
Բրազիլիայի ընդդիմությունը պահանջում է, որ Ռուսեֆը հեռանա պաշտոնից եւ որ նրան պատասխանատվության կանչեն հարկային խախտումների ու պետական միջոցները իր սեփական վերընտրությունը ֆինանսավորելու նպատակով ծախսելու համար:




























