Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ու վեհաժողովի քաղաքական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են Թուրքիային ԵՄ –ի հետ առանց վիզա ռեժիմ տրամադրելու մասին դոսյեի քննարկումները: Այս մասին հայտնել է ԵԽ-ում Նիդեռլանդների պատգամավոր Յուդիտ Սիպելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շուլցն ասել է, որ կսկսեն քննարկել դոսյեն, երբ Թուրքիան կկատարի բոլոր 72 պայմանները»,- մեջբերում է խորհրդարանականի խոսքը բրյուսելյան EUobserver թերթը:

Վիզաների չեղարկումը Անկարայի ու Բրյուսելի միջեւ մարտին կնքված՝ փախստականների մասին համաձայնագրի մի մասն է: Թուրքիան պետք է կատարեր Եվրամիության 72 պայմանները:

Անցած շաբաթ Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին ու ԵՄ խորհրդին առաջարկել է վերացնել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ հասցնի կատարել սկզբնական ցանկի վերջին հինգ պայմանները: Դրանցից են կոռուպցիայի կանխմանն ուղղված միջոցառումները, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացումը, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, տվյալների պաշտպանության կանոնները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելը ու ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության վերանայումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը: Նրա խոսքով, Անկարան չի փոխելու իր հակաահաբեկչական օրենքները: Ընդ որում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը գնում է «իր ճանապարհով»: