Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 2015-ի աշնանը ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի Լոնդոն այցի ընթացքում չինացի պաշտոնյաների պահվածքը բնութագրել է որպես «շատ կոպիտ», հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Թագուհին նման մեկնաբանություն է արել Լոնդոնի ոստիկանության պետ Լյուսի Օ’Դորսիի հետ զրույցի ընթացքում Բուքինգեմյան պալատում ընդունելության ժամանակ: Նրանց զրույցը նկարահանել է միապետի օպերատորը:
Թագուհու հետ զրույցում Օ’Դորսին բողոքել է, որ չինական պատվիրակության անցյալ տարվա այցն իր համար «ծանր փորձություն» էր: Նրա խոսքով, Չինաստանում Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդի հետ հանդիպմանը չինացի պաշտոնյաները «անսպասելիորեն վեր են կացել եւ հեռացել են»` հայտնելով, որ «այցն ավարտված է»: «Աներեւակայելի է», — ասել է թագուհին, հավելելով, որ «դա շատ կոպիտ էր դեսպանի նկատմամբ»: Օ’Դորսին համաձայնել է. «Եվ դիվանագիտական չէ»:




























